Համազասպ Մանուկյանին ճանաչում եմ 2014 թվականից, ծանոթ եմ նրա գործերին։ Կարծես ինքս մասնակիցն եմ եղել նրա կայացմանը, տեսել եմ նրա անցած ուղին։
Կրթություն ստանալով ակադեմիայում` Համազասպը կատարելագործվեց, վարպետացավ։ Դա ակնհայտ է նրա գործերում։
Հետաքրքիր են բազմամարդ կոմպոզիցիաները, մարդկանց զգեստներն ու միջավայրը։ Ընտրում է իրեն հարազատ թեմաներ, յուրահատուկ գունային գամմա։ Կարող ես անմիջապես ճանաչել նրա ձեռագիրը։
Կարծում եմ` նա կարող է ցանկացած ցուցասրահում ցանկացած նկարչի կողքին ցուցադրվել։
Ականատես լինելով նրա ստեղծագործությունների արարմանը` կարող եմ վստահորեն ասել, որ նման արվեստագետի պահանջ ուներ մեր քաղաքը, ինչու չէ, նաև մեր երկիրը։
Վերջին շրջանի դիմանկարները և գրաֆիկական աշխատանքները արված են բարձր պրոֆեսիոնալիզմով և ճաշակով։ Այդ ինքնատիպ գործերն արարված են թանգարաններում ցուցադրվելու համար։
Արվեստասեր մարդու երազանքը կարող է լինել Համազասպ Մանուկյանի վրձնած կտավը։